Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Վարդանյանը պորտֆոլիոն հարստացրել է նոր եւ տարբերվող լուսանկարներով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին: Անիի հետ խոսել ենք ոչ միայն ֆոտոշարքի, այլեւ թատրոնում զբաղվածության, դերերի եւ սերիալներում չերեւալու պատճառի մասին:
«Նոր ֆոտոշարքի առիթը սոցցանցերում ակտիվանալու որոշումս է, քանի որ պահ եկավ, երբ ինձ, այսպես ասած, կյանքի ռիթմից դուրս զգացի: Այս անգամ աշխատել եմ երիտասարդ ոճաբան Գոգ Մունի հետ: Առաջիկայում կներկայանամ ամենատարբեր կերպարներով, նաեւ ամուսնուս` դերասան Վիգեն Թադեւոսյանի հետ»,-նշել է նա:

Անին արդեն 5 տարի է` Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում է: Թատրոնում լինելու փաստը շատ է կարեւորում դերասանի կյանքում. «Թատրոնում աշխատելը, ավելի ճիշտ` արարելը, հաճախ այլ գործերի հետ անհամատեղելի է դառնում, բայց ես շատ եմ սիրում մեր թատրոնն ու այնտեղ տիրող մթնոլորտը: Թատրոնում աշխատող դերասանները շատ դեպքերում չեն կարողանում ընդգրկված լինել այս կամ այն հեռուստատեսային նախագծում հենց զբաղվածության պատճառով»: Նա պատմել է, որ հեռուստատեսային նախագծերից մեկում նկարահանվելու առաջարկն էլ վերջերս չի կարողացել ընդունել արտերկիր մեկնելու պատճառով. «Շատ եմ սիրում ճանապարհորդել, իսկ առաջարկը ստացա թռիչքիցս րոպեներ առաջ. ինձ զանգահարեցին եւ ասացին, որ հաստատվել եմ գլխավոր հերոսուհու կերպարում: Կարծես սիրտս մնաց Հայաստանում, իսկ ես ուղեւորվեցի Պալմա դե Մալյորկա: Ինչեւէ, շատ ափսոսում եմ եւ սպասում նոր առաջարկների»:
Աղբյուրը ՝ https://bravo.am