Գրիպն ու սուր շնչառական վիրուսային վարակները հիվանդություններ են, որոնք ախտահարում են շնչառական համակարգը և պայմանավորված են լինում վիրուսներով: Այս հիվանդությունների ախտանշանները հաճախ նման են լինում, ինչի հետևանքով էլ շատերը դժվարանում են տարբերել դրանք: Բացի այդ, մարդկանց շփոթեցնում են նաև բազմաթիվ «միֆերը», որոնց շատերը դեռ հավատում են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված «միֆերը» գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների մասին:

«Միֆ» 1ին. գրիպն ու սուր շնչառական վիրուսային վարակները նույնն են

Իրականում գրիպը սուր շնչառական հիվանդություններից մեկն է, սակայն սովորաբար դրանք առանձնացվում են, քանի որ տարբեր հիվանդություններ են: Սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հիվանդության պատճառ կարող են դառնալ ռինովիրուսները, ադենովիրուսները, ռեովիրուսները, մինչդեռ գրիպի հարուցիչը գրիպի վիրուսներն են, որոնք կարեղ են տարբեր լինել: Սա է պատճառը, որ գոյություն ունեն գրիպի տարբեր տեսակներ:

Սուր շնչառական վիրուսային վարակների ախտանշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար և անհետանում են միջինում մեկ շաբաթում, մինչդեռ գրիպը հաղթահարելը շատ ավելի դժվար է լինում օրգանիզմի համար: Այս դեպքում ինքնազգացողությունը կտրուկ է վատանում, առաջանում են մկանային ցավեր, նկատվում է բարձր ջերմություն: Գրիպը կարող է տևել մոտ երկու շաբաթ, իսկ դրանից հետո հաճախ են առաջանում կողմնակի բարդություններ, մինչդեռ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում նման խնդիրներ չեն առաջանում:

«Միֆ» 2-րդ. նման հիվանդությունների դեպքում պարզապես հարկավոր է սպասել և ջերմությունը կկարգավորվի

Վիրուսային հիվանդությունների դեպքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումն օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիան է, որը հարկավոր է հակամարմինների արտադրության համար:

Շատերը կարծում են, որ ջերմիջեցնող դեղորայք հարկավոր է ընդունել միայն 38.5°C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում, մինչդեռ մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հիվանդի ինքնազգացողությանը: Եթե մարդն իրեն լավ է զգում 39°C ջերմաստիճանի դեպքում, ապա դեղորայքի անհրաժեշտություն չկա, սակայն եթե անգամ 37.5°C-ի դեպքում նկատվում է ինքնազգացողության վատացում, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Բժիշկների խոսքով՝ կյանքի համար վտանգավոր կարող է լինել միայն 41°C և բարձր ջերմաստիճանը, իսկ մյուս բոլոր դեպքերում հարկավոր է ուշադրություն դարձնել հիվանդի ինքնազգացողությանը:

«Միֆ» 3-րդ. գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հարկավոր է հակաբիոտիկներ ընդունել

Վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկներն անօգուտ են: Դրանց ընդունումը կհանգեցնի հակաբիոտիկակայուն բակտերիաների թվի աճին և արդյունքում կառաջանան բաժական լուրջ բարդություններ: Սա է պատճառը, որ գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկները պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և այն էլ՝ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե կանխարգելիչ նպատակներով:

«Միֆ» 4-րդ. գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում բուժում գոյություն չունի

Շատերը կարծում են, որ նման հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ դեռ գոյություն չունեն, ուստի հարակավոր է պարզապես համբերատար սպասել, մինչև ախտանշաններն անհետանան, սակայն իրականում կան բազմաթիվ արդյունավետ դեղամիջոցներ, որոնք օգնում են մեղմել տհաճ ախտանշանները, զգալիորեն բարելավում են հիվանդի ինքնազգացողությունն ու կրճատում հիվանդության տևողությունը:

«Միֆ» 5-րդ. գրիպի դեմ պատվաստումները հարկավոր է անել միայն առողջ ժամանակ կամ առողջանալուց մեկ շաբաթ անց

Լավագույն տարբերակն իհարկե առողջ ժամանակ պատվաստվելն է, սակայն ոչ շատ ուժեղ հազի ու բարձր ջերմությամբ չուղեկցվող հարբուխի դեպքում նույնպես կարելի է ստանալ պատվաստանյութ: Սուր շնչառական վիրուսային վարակների դեմ առայժմ պատվաստանյութ գույություն չունի, սակայն կա պատվաստանյութ գրիպի դեմ, որը ստանալու համար ամենահարմար ժամանակը հոկտեմբերն է:

 Աղբյուրը ՝ https://med.tert.am/am/news/2018/11/17/URTI-Influenza/56580

loading...