Գրում է bravo.am

Ընդամենը ժամեր առաջ դերասանուհի Լիա Զախարյանը հայտնվել էր Հրազդան գետի մեջտեղում գտնվող քարի վրա, առիթն էլ BRAVO.am-ի նկարահանումներն էին:

Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչ գետի վարարելը: Մինչ այդ գրեթե ցամաքած գետը նկարահանման մեկնարկից րոպեներ անց սկսեց մեծ հոսքով հոսել՝ Լիային թողնելով փակուղու մեջ: Նույնիսկ ստեղծված իրավիճակում Լիան չկորցրեց իրեն ու որոշեց մի քանի կադր էլ լուսանկարվել:

Սակայն ավարտին խնդիր առաջացավ. ինչպե՞ս դուրս բերել նրան գետից: Եթե սկզբում ամեն ինչ զվարճալի էր թվում, ապա հիմա լարված էինք թե՛ Լիան, թե՛ ես, եւ թե՛ Էմինը(BRAVO.am-ի լուսանկարիչը): 

«Զգացողություններս հակասական էին»,- արկածային օրը վերհիշելով` խոստովանել է դերասանուհին.«Հետաքրքրությունը վերածվեց վախի: Վերջում արդեն խուճապի էի մատնվել: Էլի էի հայտնվել անսովոր իրավիճակներում, բայց իմ կյանքում առաջին անգամ էր, որ ինքս գիտակցում էի՝ միայնակ չեմ կարող դուրս գալ այս իրավիճակից»:

Լիային օգնելու մի ելք կար` զանգահարել ԱԻՆ, քանի որ մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին:

Փրկարարները հաշված րոպեների ընթացքում դեպքի վայրում էին ու քննարկում էին տարբերակներ` նրան գետից դուրս բերելու համար:

ԱԻՆ աշխատակիցը պարանի օգնությամբ մտավ գետն ու Լիային անվտանգ դուրս բերեց ափ:

Դերասանուհին միայն փոքր-ինչ վնասել է ոտքը.«Ես ամեն ինչի մեջ փորձում եմ տեսնել լավը:

Հիմա ոտքս ցավում է, բայց մտածում եմ` արժեր հանուն գեղեցիկ լուսանկարների ու հիշողությունների, որ ամբողջ կյանքում ինձ հետ կլինեն»: Նշենք, որ վերջում արդեն Լիան հույզերը չէր կարողանում զսպել ու արցունքներն իր կամքից անկախ գլորվում էին.«Շնորհակալ եմ ԱԻՆ աշխատակիցներին` օպերատիվության ու լավ կատարված աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաեւ ձեզ` ձեր հոգատարության համար:

Դուք էլ ինձ հետ ապրեցիք այս օրը:

Սա իմ կյանքի ամենաինքնատիպ, ամենահիշվող ֆոտոշարքն էր:

Դեռ երկար կհիշեմ այս օրը»:

loading...