Շները դրական ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը:
Մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը շուն ունենալը կարող է նվազեցնել տերերի վաղաժամ մահվան ռիսկը 24%-ով:
Գիտնականներն ուսումնասիրել են 10 տարվա ընթացքում անցկացված 10 փորձերի տվյալները՝ 3.8 միլիոն մարդու մասնակցությամբ: Պարզվել է, որ ընտանի կենդանիներ պահելը հատկապես օգտակար է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, որոնց մահվան հավանականությունը կրճատվում է 31%-ով:
Կենդանիներն օգնում են իրենց տերերին ազատվել անհանգստության, մենության զգացումից, բարելավել ինքնավստահությունն ու տրամադրությունը, ինչպես նաև ընդհանուր հոգեկան առողջությունը:
Բացի այդ, շան ներկայությունը ենթադրում է ֆիզիկական ակտիվություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը