Այսօր` փետրվարի 9-ին, լրանում է բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը:

«Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի:

Մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Իսկ երկրպագուների թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»»,-գրում է Տերյանի մասին Ստեփան Զորյանը:

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,

Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,

Որպես թովիչ իրիկնամուտ։

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Որպես գարնան մթնշաղում։

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,

Արբեցումի ոսկե մշուշ։

Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,

Քո աչքերը հոգի տանջող։

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,

Որպես գարնան իրիկնամուտ։

1904-1905

 

 

loading...