Հրադադարից րոպեներ առաջ հակառակորդը հրթիռային հարվածներ է հասցրել Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ: Կան զոհեր և վիրավորներ:

Նշենք,որ այսօր հոկտեմբերի 10-ին ժամը   12:00-ից հայտարարվել է հումանիտար հրադադար:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։