Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:

Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:

Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը: