Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ գալ, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով, նման տեղեկություններ են հայտնում Telegram ալիքներն ու սիրիական թերթերը։
«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300-հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ իր աղբյուրին հղումով։
Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Ադրբեջանի վրա։ Սակայն հետ վերադարձած խումբը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ գնալ՝ կատաղի մարտերի պատճառով։
Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկաններին թաղում են եղբայրական գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միայն մտերիմները։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 300 վարձկան Թուրքիայից պահանջել է հետ տանել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։