Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին, որտեղ, ինչպես նշում է, թեև չի ծնվել, բայց իրեն միշտ հարազատ է զգում: «Դեպի Եվրատեսիլ 2019»-ի հաղթողն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իր ու Հայաստանի կապի մասին պատմել հետևորդներին:
«Բարև, ես Աթենա Մանուկյանն եմ: Միգուցե, ես Հայաստանում չեմ ծնվել, բայց այս երկիրն ինձ անիրական զգացողություններ է պարգևում:
Հիշում եմ` երբ այստեղ եկա առաջին անգամ, օդանավակայանում ճամպրուկներով անցնելիս մի մարդու հանդիպեցի, որն ինձ սիրալիր ժպիտով ասաց. «Բարև Ձեզ»: Նա ինձ ցանկանում էր օգնել, չնայած այնտեղի աշխատող չէր:
Հիշում եմ նաև, երբ ուտելու բան պատվիրեցի, ինձ սպասարկող գեղեցիկ կինը հարցրեց` արդյոք հա՞յ եմ, որտեղի՞ց եմ եկել: Նա ասաց, որ աչքերս 100 տոկոս հայկական են: Իսկ երբ պատվերս եկավ, նա ինձ մի լիքը կապոց տվեց: Հարցրի` ինչ էր դա, և նա ասաց, որ դա հյուրասիրություն էր ինձ համար»,- նշել է Աթենան` վերհիշելով նաև իր Երևանյան զբոսանքները:
«Երևանով զբոսնելիս այնքան հանգստություն էի զգում, ասես` ես այդ քաղաքին եմ պատկանում: Այնուհետև գնացի Հանրապետության հրապարակ, որը դարձավ իմ ամենասիրելի վայրը, որտեղ զգացմունքներս կրկնապատկվեցին: Այնտեղ նստած խորհում էի այն ամենի մասին, ինչի միջով անցել է այս երկիրը, և ինչքան մեծ է պահել իր սիրտը, քանի որ այստեղ միայն կտեսնես բարություն, պարզություն ու երջանկություն»:
Աթենան նաև հավելել է, որ Հայաստանը բացահայտելով էլ ավելի է սիրահարվել երկրին ու հպարտացել իր արմատներով.
«Այդ ամենից հետո, երբ ընտրվեցի Հայաստանի կողմից «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, արցունքներս չկարողացա զսպել: Բայց ամենակարևորն այն հիանալի մարդիկ են, որոնց ես հանդիպել եմ, այն մարդիկ, որոնք ինձ աջակցում էին, սիրում և ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Նրանց համար ես ընտանիք եմ, նրանք էլ` ինձ համար: Սա, իրականում, փոքրիկ պատմություն է այն մասին, թե ինչպիսին է Հայաստանն ինձ համար` մի երկիր, որը միշտ աշխարհին սովորեցրել է սիրել, միավորվել, ընդունել և պայքարել հանուն ժողովրդի, և բոլորը պետք է դա գիտակցեն ու ճանաչեն: Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել ․․․ Ուժեղ մնա, Հայաստան, ուժեղ եղեք, իմ զինվորներ, ես սիրում եմ ձեզ»,- գրել է Աթենան: