ԱԺՄ ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
« Հայրենակիցնե՛ր,
Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։
Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը՝ ահաբեկիչների հետ միասին հարձակում է սկսել Արցախի նկատմամբ՝ տարբեր արգելված զինատեսակներով թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք անգամ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք է բերվել հումանիտար հրադարդարի համաձայնություն, ինչն Ադրբեջանը խախտել է։