Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԼԻՊ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից: Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: 

Սակայն, միայն հայկական կողմը չէ, որ Թուրքիայի կողմից Արցախ ահաբեկիչներ տեղափոխելու ապացույցներ է ներկայացրել: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան Սիրիայում օգտագործել է տարբեր երկրներից ահաբեկիչների, միևնույն մեթոդներն են կիրառվել նաև Լիբիայում՝ այնտեղ օգտագործելով Սիրիայից տարված ահաբեկիչներին։ 


Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR)՝ Թուրքիան պատրաստում է ավելի քան 400 սիրիացի զինյալների, որոնք Ադրբեջան կուղարկվեն առաջիկա ժամերի և օրերի ընթացքում:

Կազմակերպության պաշտոնական կայքէջի տվյալներով՝ առնվազն 119 գրոհային է արդեն զոհվել, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մնացածինը՝ ոչ։ Կազմակերպությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Թուրքիան շարունակում է գրոհայինների հավաքագրման ու Ադրբեջան ուղարկելու ծրագիրը, սակայն դա այլևս այդքան հեշտ չի ընթանում՝ ի տարբերություն Լիբիայի դեպքի, «քանի որ շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան բազմաթիվ պատճառներով: 

 

 

 

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: 

Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: 

Ոչնչացվել են հակառակորդի հերթական հարձակողական խմբավորումները, որոնց մոտ եղել է ադրբեջանական դրոշ, վրան արաբերենով մակագրված «Ալլահ աքբար»` ալլահը մեծ է արտահայտությունը: Այն սովորաբար օգտագործում են ահաբեկչական խմբավորումները մարդկային զանգվածային կոտորած, ահաբեկչական հարձակում իրականբացնելուց առաջ: Սա եւս մեկ ապացույց է այն մասին, որ արցախյան ռազմաճակատում թեժ մարտերում կռվում են վարձկան ահաբեկիչներ 

Ինչպես տեսնում ենք՝ միջազգային հանրությունը չունի որևէ կասկած, թե ով և ինչու է տարածաշրջանը դարձրել ահաբեկչության որջ: Թե ՌԴ-ն Սիրիայում պրո-թուրքական ուժերին հասցրած ավիահարվածներով, թե ԱՄՆ-ն և թե հատկապես Իրանը հստակ մեսիջներ են ուղարկում Անկարա և Բաքու առ այն, որ չեն հանդուրժելու այս տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը: Սա նշանակում է, որ հայկական կողմի ճիշտ աշխատելու դեպքում թե Թուրքիան, թե Ադրբեջանը կարող են հռչակվել ահաբեկչությունը հովանավորող պետություններ` դրանից բխող բոլոր հետանքներով: