Ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ներկայացրել է առողջական այն խնդիրները, որոնք կարող են զարգանալ աղի չարաշահման հետևանքով: Մասնագետի խոսքով՝ աղի գործածությունը որոշակի կերպով կապված է լինում քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացման հետ: Ավելին՝ աղի ուտեստների սիրահարներին բժիշկը հորդորել է ուշադրություն դարձնել այն փաստին, որ աղի չարաշահումը կարող է դառնալ ոչ միայն օնկոլոգիական հիվանդությունների, այլև գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ:
Բժիշկ Մյասնիկովն ընդգծել է, որ մարդկանց մեծ մասն օրական չափազանց մեծ քանակությամբ աղ է օգտագործում, մինչդեռ իրականում աղի օրական թույլատրելի չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը: Ավելին՝ զարկերակային գերճնշումով հիվանդները, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդիկ օրական չպետք է գերազանցեն 2,5 գրամ կերակրի աղը:
Բժիշկ Մյասնիկովը նաև կիսվել է օրական օգտագործվող աղի քանակության նվազեցման սեփական փորձով՝ նշելով, որ սննդակարգում այս մթերքի քանակությունը նվազեցնելու դեպքում այտուցների մակարդակը շատ արագ նվազել է:
Այսպիսով՝ աղի օրական չափաբաժնի մշտական չարաշահումը կարող է մարդու առողջության համար անդառնալի հետևանքների պատճառ դառնալ, ուստի այն հարկավոր է սահմանափակել, եզրափակել է մասնագետը: