«Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` Մոսկվա կատարելիք այցին։
Նրա խոսքով՝ քննարկումների օրակարգում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:
«Բնականաբար, քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ քննարկվելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և հնարավոր համագործակցության հարցերը։ Ընդհանուր առմամբ, քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է՝ անվտանգայինից մինչև առևտրատնտեսական։