Medialur.com-ը գրում է․

Մոսկվայում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական առաջին հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է նրան խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ:

«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Դրա համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևորն է հետագա զարգացման համար, ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ:

 

 

Հուսով եմ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք լուծման կարիք ունեն», ասել է Պուտինը: Նրա շնորհավորանքը հնչում է բավականին «չարագուշակ»:

Պուտինը կարծես թե ակնարկում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «ծուղակում» է՝ հանրային վստահության ծուղակում: Համենայնդեպս հարց է առաջանում, թե ինչ սուր և զգայուն հարցեր են, որոնք պետք է լուծել և որոնց համար կարևոր է Փաշինյանի հանրային վստահությունը: Ընդ որում, Պուտինի խոսքում բավականին թափանցիկ է, որ այժմ, երբ ընտրությունն անցել է ու Փաշինյանը ստացել է հանրային վստահությունը, արդեն ժամանակն է քննարկել դրանք և կայացնել որոշումներ: Եթե կապվում են իրար սուր և զգայուն հարցերն ու հանրային վստահությունը, ապա դա նշանակում է, որ այդ հարցերը մեղմ ասած «ոչ պոպուլյար» են, եթե չդիտարկենք դրանց բավականին վտանգավորության և անցանկալիության, Հայաստանի շահին դեմ լինելու հանգամանքը:

Համենայնդեպս, քանի դեռ կա այդ շեշտադրումը և չկա որոշակիություն, թե ինչ հարցերի, կոնկրետ ինչ բովանդակության մասին է խոսքը, Հայաստանի հանրության համար թերևս կա մտահոգության զգալի տեղիք, հաշվի առնելով Ռուսաստանի վարքագիծը թե նախապատերազմական, թե պատերազմի, թե հետպատերազմական շրջանում: Ինչի՞ հետ են կապված այդ հարցերը:

Հասկանալի է ընդհանուր շրջանակը: Ռեգիոնալ իրադրությունը պատերազմից հետո այնպիսին է, որ պարզ է՝ հարցերը վերաբերելու են հայ-ադրբեջանական հակամարտությանը: Սակայն կարևոր է հասկանալ դրանց կոնկրետ բովանդակությունը, ինչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Պուտինը Մոսկվայում և Նիկոլ Փաշինյանին ինչ է մտադիր պարտադրել ՌԴ նախագահը, ի՞նչ են քննարկում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի համար մտածում են վճարել Հայաստանի հաշվին: