Երևանի կենտրոնում այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 02։00-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռև չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։