Արմենը բանակ է զորակոչվել հայրիկի ծննդյան օրը. ծառայությունը անցկացրել է Եղնիկներում. «Շատ սիրուն ու կարգապահ զինվոր էր: Բանակում հիվանդացել էր ու երազում էր տուն գալու մասին: Բոլորիս շատ էր կարոտել, մանավանդ՝ փոքր եղբորը, որին միշտ կյանքս էր անվանում»,- ասաց Արմենի մայրը:
Արմենի երազանքը այդպես էլ չկատարվեց, նա իր բուժումը ստացավ Ստեփանակերտի հոսպիտալում, քանի որ կարանտինը թույլ չտվեց նրան վերադառնալ տուն՝ մայրական խնամքի: Արմենը բուժվելուց հետո շարունակել է դիրքերում իրականացնել իր մարտական հերթապահությունը: Նա ամեն կերպ ընտանիքից թաքցրել է, որ պատերազմ է, և որ ինքն էլ կռիվ է տալիս թշնամու դեմ. «Սեպտեմբերի 27-ին մենք իրեն ուզում էինք ուտելիք ուղարկել, սակայն, տղաս զանգեց ու ասեց, որ հիմա չենք կարող ուղարկել, քանի որ ճանապարհները փակ են և չի ասել, որ պատերազմ է. «Երբ իմացանք, որ արդեն պատերազմը սկսել է ու որդիս մասնակցում է հայրենիքի պաշտպանությանը, սկսեցինք ամեն րոպե սպասել նրա զանգին և աղոթել նրա համար: Հոկտեմբերի 2-ին խոսել է մեր հետ, անգամ, ես լացելով էի խոսում, բայց Արմենս ինձ հանգստացնում էր, ասելով՝ մա՛մ, ամեն ինչ լավ ա, քեզ հավաքի՛: Ես ասացի՝ տղե՛ս, խոստացիր, որ իմ համար կգաս, ես սև գույնը չեմ սիրում, ինձ չարժանացնես այդ ճակատագրին, ասաց՝ ամեն ինչ նորմալ ա, մա՛մ, հանգիստ էղեք»,- հուզմունքով պատմում է Արմենի մայրը:
Արմենը զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ գլխի բեկորային մահացու վնասվածքից: Ըստ մոր խոսքերի՝ հերոսը շատ աշխատող էր, դեռ փոքր տարիքից աշխատում էր, ցանկանում էր հմտանալ վերանորոգման մեջ: Անգամ մինչև բանակ գնալը նա վերանորոգել է իրենց տան խոհանոցը, որ իր մայրը այնտեղ իրեն լավ զգա.
«Երազում էր բանակից վերադառնալ ու տան վերանորոգումը շարունակել, ինքը ցանկանում էր մեզ ֆինանսապես կայուն վիճակում տեսներ, տղաս իրա աշխատանքով կհասներ ամեն ինչի, ավա՜ղ, չհասցրեց»,- սրտի մեծ ցավով ասաց Լիանա Պապյանը: