Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով հանդիպելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցի մասին:

Մինչ այդ, Էմանուել Մակրոնին հղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը խոսել էր հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի, առանձնաշնորհյալ հարաբերության մասին: 

Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունն այդուհանդերձ ունի ամրագրման առարկայական անհրաժեշտություն: Խոսքը հայ-ֆրանսիական խոշոր գործակցության մասին է, որը թույլ կտա այդ հարաբերության առանձնաշնորհյալ բնույթը ներկայացնել կոնկրետ դրսևորումներով:

Այլ կերպ ասած, հայ-ֆրանսիական խոշոր նախագծերի ժամանակն է, որոնք մասնավոր բնույթից զատ, կունենան նաև որոշակի միջպետական հատկանիշ կամ բաղադրիչ, այդպիսով իրապես ազդարարելով հատուկ հարաբերության իրականությունն ու գործնականությունը:

 

Ըստ այդմ, Էմանուել Մակրոնի առաջիկա Հայաստան կատարելիք այցը այդ իմաստով պետք է դառնա թերևս նշանակալի և բեկումնային: Ֆրանսիայի նախագահների Հայաստան այցը վաղուց զարմանալի երևույթ չէ: Հայաստան է այցելել Ժակ Շիրակը, Հայաստան է այցելել Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, նաև Մակրոնն է Ֆրանկոֆոնիայի շրջանակում եղել Հայաստանում, և իհարկե միանգամայն ողջունելի է Պետական այցով այստեղ գտնվելու սպասումը,բայց հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպումներից այլևս բարձր պետք է լինեն առարկայական սպասումները, ու Երևանն ու Փարիզը պետք է պատրաստեն այցի այնպիսի օրակարգ, որը նշանակալի կլինի թե երկկողմ հարաբերության իմաստով, թե ռեգիոնալ մեսիջի, հատկապես, եթե այդ օրակարգում առարկայական տեղ ունենա Սյունիքը՝ ռեգիոնալ զարգացումների ներկայիս էպիկենտրոնը:

 

:

Պետք չէ ունենալ Սյունիքում ֆրանսիական զորքի պատրանք, բայց չպետք է պատրանք լինի Հայաստանում Ֆրանսիայի առարկայական, ուժեղ, գործնական տնտեսական-ենթակառուցվածքային ներկայությունը: