Հայաստանի կանանց նախաձեռնությունը հայտարարություն է տարածել։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք դիմում ենք հայ հանրությանը՝ բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկրում ստեղծված թե՛ ներքին և թե՛ արտաքին ճգնաժամային իրավիճակին. կոչ ենք անում միանալ ստորև բերված պահանջներին՝ տարածելով այս գրառումը, և ստորագրել ՄԱԿ ԱԽ դիմելու հանրային պահանջն այս հղումով՝
Մենք` ՀՀ քաղաքացիներս, այս ճգնաժամային և խիստ վտանգավոր օրերին պարտավոր ենք ցույց տալ մեր կամքն ու դիրքորոշումը երկրի ղեկավարությանը և արտաքին ուժերին։
Արցախի նշանակալի մի մասի և հազարավոր կյանքերի կորստից հետո մեր պետությունը և պետականությունը վտանգված են՝ թե՛ ՀՀ անմիջական սահմաններին տիրող ռազմական լարվածության, թե՛ պետական կառավարման ճգնաժամի, թե՛ դիվանագիտական ասպարեզում տիրող անորոշության և աշխարհաքաղաքական բարդ գործընթացների բերումով։
Այս օրերին Ադրբեջանը, Թուրքիայի և որոշ այլ արտաքին ուժերի աջակցության ներքո, անպատիժ խախատում է ՀՀ ինքիշխան պետության սահմանները՝ ուժի և քաղաքակական մանիպուլյացիաների միջոցով փորձելով պարտադրել մեր երկրի ղեկավարությանը ընդունել Հայաստանի շահերին դեմ գնացող որոշումներ։
Մեր ապագան և մեր պետության ինքնիշխանությունը մեր ձեռքերում է։ Մենք իրավունք ունենք պահանջելու և թույլ չտալու, որ (ժամանակավոր) կառավարությունը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը ժողովրդի և պետության շահերին դեմ կլինի։
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք․
Արտաքին հարաբերություններում՝
Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի հարցով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին
Չստորագրել արտաքին սպառնալիքով պարտադրված որևէ հակահայ փաստաթուղթ, չտրվել աշխարհաքաղաքական սադրանքների և նման ճնշումների պարագայում բաց խոսել ժողովրդի հետ, հաշվի նստել ՀՀ քաղաքացիներ կամքի ու կարծիքի հետ։
Ներպետական հարցերում՝
Զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, անվտանգային միջոցառումներ իրականացնել ողջ բնակչության շրջանում, բարեկարգել ապաստարանները
Իրականացնել աշխարահազորի կազմակերպված մոբիլիզացիա, հետևողականորեն բարձրացնել բնակչության մարտունակությունը
Անհապաղ կահավորել սահմանային այն կետերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով, վերազինել բոլոր սահմանակետերը
Բաց խոսել հանրության հետ և ավելորդ ենթատեքստերից մաքրել քաղաքացիների հետ պետության հաղորդակցությունը, մասնավորապես՝
- Հանրությանը հստակ ներկայացնել Սյունիքում ադրբեջանցիների ետ քաշվելու և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման շուրջ ընթացող բանակցությունների բովանդակությունը
- Հանրությանը հստակ ներկայացնել այս փակուղային իրավիճակում Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի՝ Հայաստանին աջակցելու առաջարկներն ու դրանց ընթացք տալու ուղղությամբ իրականացվող քայլերը
- Ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականության ծրագիրը
Բանակի վերականգնման աշխատանքներում ներգրավել Սփյուռքի հայ զինվորականներին, ովքեր կարող են իրենց միջազգային փորձը ի սպաս դնել Հայոց բանակի զարգացման և վերաձևավորման գործին։
Ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ՝ այսօր, համայն հայությունը պատրաստ է ոտքի կանգնել՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունը՝ Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության համատեղ ջանքերով։ Սակայն այս ծանր դրության մեջ հրամայական է՝ վերականգնել թափանցիկ և ազնիվ երկխոսությունը պետության և քաղաքացիների, քաղաքական ուժերի և խմբավորումների միջև։ Միայն ա՛յս ուղին բռնելով կկարողանանք միասնաբար հաղթահարել երկրին սպառնացող վտանգը, որի պատճառներն ու պայմանները, ակնհայտորեն, թելադրվում են համաշխարհային քաղաքական գործընթացներով, և որին դիմակայելու հարցում ՀՀ կառավարությունը չի կարող գաղտնի գործել՝ հաշվի չնստելով ժողովրդի կամքի հետ։
Միայն ա՛յս կերպ մենք կարող ենք միասնաբար և ամուր վճռականությամբ հայտարարել․ ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ։
Ինքնիշխան Հայաստանն այլընտրանք չունի, և այն պետք է կերտենք ու պահպանենք միասին։
Միացե՛ք համազգային ստորագրահավաքին