Վաղը հուլիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ  Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում իրականացվելու է հատուկ օպերացիա, որը կրելու է «Ցռան Վերգո»  անվանումը: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ամառվա սկզբից  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ Սևանի տարածաշրջանում իրականացվել է «Ձեզ տանը սպասողներ կան» օպերացիան, ինչի արդյունքում կանխվել են մեծ թվով ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ  ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով ոչ սթափ վիճակում  վարորդների, ովքեր ենթարկվել են վարչական պատասխաատվության, ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

Ճանապարհային ոստիկանները այդ օրերին նաև մեծ թվով վարորդների են ուղեկցել Սևանից դեպքի Կոտայքի մարզ, որտեղից էլ  վարորդներին Կոտայքի  մարզից անվտանգ ուղեկցել են մինչև մայրաքաղաք:

 

Կայքի  տեղեկություններով՝ վաղվա օպերացիայի անունը «Ցռան Վերգո»  է դրվել, քանի որ դասակի հրամանատար  Վ․ Ոսկանյանը դեռ դպրոցական տարիներից շատ է սիրել ընթերցել «Սասնա ծռեր» էպոսը և միշտ ծանր է տարել Ցռան Վերգոյի կերպարը, ասելով՝ եթե Ցռան Վերգոն չլիներ, Դավիթը Թուր Կեծակին միշտ կօգտագործեր մեր թշնամիների դեմ: