Սուրեն Սարգիսի Եսայան, ծնվել է 2002 թվականի հունվարի 15- ին Երևանում։ Սովորել է Երևանի «Տաթև» դպրոցում, ապա հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, իսկ հետո ավարտել Երևանի թիվ 195 դպրոցը։ Ընդունվել է Երևանի Ֆրանսիական համալսարան, որտեղ կիսատ թողնելով բարձրագույն ուսումը, 2020 թվականի հուլիսի 23- ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, Ջաբրայիլում։

Մայրը՝ Նարինեն պատմում է, որ որդին պատերազմի սկզբից, լինելով երկու ամսվա ծառայող դիպուկահարի ակտիվ գործողությունների մեջ է մտել, իսկ դպրոցում սովորել է գերազանց։

 

 

 

«Սիրում էր բոլոր առարկաները։ Երկրորդ դասարանում դպրոցից տուն եկավ ու առաջին հարցը եղավ. «Մա՛մ, դու գիտե՞ս ով է Օգյուստ Ռոդենը»։ Բնական է՝ հարցը զարմացրեց ինձ։ Չսպասելով պատասխանիս, սկսեց պատմել նրա մասին։ Ծնողական ժողովների ժամանակ այնքան գովեստի խոսքեր էի լսում, որ նույնիսկ շփոթվում էի՝ հուզմունք և հպարտություն միախառնվում էին։ Երբեմն քույրերը նույնպես ուզում էին ներկա գտնվել իր ժողովներին»,-ասաց տիկին Նարինեն։

 

«Երբ փոքր էր, երազում էր իր հայրիկի նման դառնալ ճարտարապետ։ Բայց արդեն հասուն տարիքում՝ որոշեց ընդունվել ֆրանսիական համալսարանի կառավարում բաժինը»։

Սուրենը բանակ է զորակոչվել 23.07.2020 -ին։ Ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Դիպուկահար էր։

« Հոկտեմբերի 10-ին Վանք գյուղի անտառներում իր ընկերների հետ որդիս ընկել է թշնամու շրջափակման մեջ։ Զոհվել է դիպուկահարի կամ այլ ավտոմատ հրազենից արձակված կրակից․․․»,-ասաց մայրը․․․

18-ամյա Սուրենը գիտեր հինգ լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի։ Այնքան նպատակներ ուներ, ծնողներին խոստացել էր՝ հայրենիքը շենացնելու է, իրենով թե՛ հայրը և թե՛ մայրը հպարտանալու են, բայց ինչ իմանար, որ դաժան պատերազմն իր համար այլ բան էր ծրագրել։