Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է աշխատել (2012-2020), ռազմական վերլուծաբան-փորձագետ։
1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում։ 2001 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտ զինվորական կոչում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։
2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար։ 2010 – 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։
2010 – 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում։
2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը։ Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ է։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները, ներկայացրել ՀՀ պաշտոնական տեսակետը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանին 2020 թվականին Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում հանրությանը մոլորեցնելու և գործին վատ տիրապետելու համար. «Ամենաբարձր պաշտոնը, որը նա Զինված ուժերում զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է՝ վաշտի հրամանատար»,- նշել է Հակոբյանը։