Аrmeniasputnik-ը գրել է․
ՀՀ 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների առաջին օրը լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում։ Պարզվեց, որ նրանք չեն կարող ազատ տեղաշարժվել ԱԺ-ի շենքում, «հետապնդել» պատգամավորներին և մոտենալ նրանց աշխատասենյակներին։ Կոշտ սահմանափակումները վերաբերվում էին շենքի այն հատվածին, որտեղ գտնվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և փոխխոսնակների առանձնասենյակները։
Փակ է նաև խորհրդարանի հին մասնաշենքը նոր շենքի հետ կապող միջանցքը, որը լրագրողները կատակով «Լաչինի միջանցք» են անվանում: Թեև լրագրողների տեղաշարժը սահմանափակող որևէ փաստաթուղթ չկա, բայց շենքում արդեն իսկ պետական անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ կան՝ զինվորական համազգեստով։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում երբեք Ազգային ժողովի շենքում ԱԱԾ աշխատակիցները զինվորական համազգեստ չեն կրել:
Իշխանականներ vs լրագրողներ, կամ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է կատարվում
«Դա չգրված օրենք էր, որն ընդգծում էր խորհրդարանի ժողովրդավարական լինելը»,-նշեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով շենքի միջանցքներում մեծ թվով զինվորական համազգեստով մարդկանց ներկայությունը, հայտարարեց, որ դա ոչ թե սահմանափակում է, այլ անվտանգության միջոցառումների կիրառում: Նա հիշեցրեց 1999 թ․-ի ահաբեկչությունը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը խորհրդարանի բակում ԱԺ նախորդ նախագահին՝ Արարատ Միրզոյանին ծեծելն ու շենք ներխուժելը։
«Սահմանափակումներ չկան, ընդամենը համակարգվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը։ Տարիներ շարունակ լրագրողները ստիպված են եղել վազել պատգամավորների հետևից, երբեմն լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնացել են։ Դա պայմանավորված էր նրանով, որ նրանց և պատգամավորների միջև հարաբերությունները կարգավորված չէին։ Հիմա ամեն ինչ կփոխվի»,-ասաց Սիմոնյանը։
Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել
Նրա խոսքով՝ հատուկ լրագրողների համար կահավորվելու է երկու դահլիճ, ճեպազրույցների հատված է առանձնացվելու, բոլորը՝ շենքի ներսում։ Բացի այդ, խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներին կպարտավորեցնեն ճեպազրույցներով հանդես գալ յուրաքանչյուր նիստից հետո, իսկ բոլոր նիստերը կհեռարձակվեն առցանց։ Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա Սիմոնյանը խոստացավ ամիսը առնվազն 1-2 անգամ հանդես գալ ճեպազրույցով։
«Լրագրողը կկարողանա պատգամավորի առանձնասենյակ մտնել, եթե հրավեր լինի, կամ ԱԺ աշխատակցի ուղեկցությամբ։ Նախատեսում ենք խորհրդարանի բակում սրճարան բացել, որպեսզի պատգամավորները կարողանան հանդիպել քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողներն արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը Սիմոնյանի նոր կանոններին՝ սահմանափակումների վերացման պահանջով ստորագրահավաք կազմակերպելով։ Ճիշտ է, ստորագրել է ԶԼՄ-ների ընդամենը 13 ներկայացուցիչ, սակայն Սիմոնյանը նրանցից չորսին հրավիրել է հանդիպման՝ իրավիճակը քննարկելու։ Լրագրողները չեն գնացել, քանի որ կարծում են, որ խոսնակը խտրականություն է դրսևորել։ Հրավիրված լրագրողներից մեկը «Հրապարակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Վահե Մակարյանն է, որը կտրականապես դեմ է իր գործողությունների «համակարգմանը»։
Սարգսյանն ու Զաքարյանն արդեն պետք է կալանքից ազատված լինեին. Հարությունյանն ասել է` ինչու
«Այս սահմանափակումները, բնականաբար, բացասական են ազդում մեր աշխատանքի վրա։ Նախ բարոյահոգեբանական առումով` այնպիսի տպավորություն է, թե մենք գտնվում ենք ռազմական գոտում, Գորիս–Կապան ճանապարհի 21 կմ–ոց հատվածին` օրինակ։ Նվաստացուցիչ ու ստորացուցիչ է չկարողանալ անցնել այն վայրերով, որոնցով միշտ անցել ես և ազատ տեղաշարժվել։ Նպատակը մեկն է՝ մեկուսացնել պատգամավորներին լրագրողներից, և դրանից օգտվում են նաև ընդդիմության ներկայացուցիչները»,-ասաց Մակարյանը։
Միաժամանակ նա չի բացառում, որ խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանում ավելի խիստ սահմանափակումներ կհաստատեն, լրագրողները կտեղափոխվեն այլ մասնաշենք և ամբողջովին կտրված կլինեն խորհրդարանից, կզրկվեն պատգամավորների հետ շփվելու հնարավորությունից:
«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան
Իսկ ահա Para TV-ի լրագրող Տիրուհի Բայբուրթյանը կարծում է, որ լրագրողները չպետք է հետ կանգնեն իրենց պահանջից և պետք է շարունակեն պայքարել իրենց իրավունքների համար։ Նա ասում է, որ իշխանությունները փորձում են իրենց պատգամավորներին հետ պահել լրագրողների հետ շփումից և խուսափել անցանկալի հարցերից։
«Այդ սահմանափակումները չեն կարող չազդել մեր աշխատանքի որակի վրա, քանի որ ստիպված ենք լինում պտույտ գործել ամբողջ շենքով, որպեսզի լրագրողական օթյակից հասնենք նիստերի դահլիճ»,-նշեց նա։
Իր հերթին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը սահմանափակումներն աննախադեպ երևույթ է համարում անկախ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ։ Այս ամենը նրա համար անընդունելի է մի քանի պատճառով։ Նախ, սահմանափակումները չեն քննարկվել լրագրողական հանրության հետ և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանկարծակիի են բերել։
Երկրորդ՝ այդ սահմանափակումները հակասում են միջազգային պրակտիկային, թեև Ալեն Սիմոնյանը հայտարարում է միջազգային փորձի օգտագործման մասին։ Դոյդոյան խոսքով՝ սահմանափակումները կարող են կիրառվել փոքր տարածքում, եթե իրադարձության լուսաբանումը կարող է վտանգավոր լինել:
Փորձագետը նշեց, որ այս ամենը բացասաբար կանդրադառնա խորհրդարանի իմիջի և դրա հետագա գործունեության վրա: Միաժամանակ նա ընդգծեց, որ իշխանությունների կողմից իրականացվող բոլոր բարեփոխումները՝ կապված ԶԼՄ-ների գործունեության հետ, անտրամաբանական են եղել։ Կիրառվում են պատիժներ և արգելքներ, մինչդեռ պետք է սովորեցնել, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և ինքնակարգավորման մեխանիզմներ մշակել։
Հանձնաժողովի 3 նախագահներն ընդդիմադիր կլինեն. ըստ Ռուստամյանի` պայմանավորվածություն չկա
Նշենք, որ ավելի վաղ բուռն արձագանքի էր արժանացել հայհոյանքի քրեականացումը։
Դրանից առաջ էլ խորհրդարանն ընդունել էր մի օրինագիծ, որով նախատեսում է փոփոխություններ կատարել քաղաքացիական օրենսգրքում։ Փոփոխությունների շրջանակում երեք անգամ ավելացել է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքը։ Վիրավորանքների դեպքում տուգանքը 1 միլիոն դրամից աճել է մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության դեպքում տուգանքի չափը կարող է կազմել մինչև 6 միլիոն դրամ՝ 2 միլիոնի փոխարեն: