Լավ կլինի՝ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածի այն մասին, որ 2018 թ․ սկսած ապօրինի կերպով կալանքի տակ են պահել պարոն Քոչարյանին, որովհետև 301․1 հոդվածը հակասահմանադրական է եղել, լավ կլինի՝ դրանից սկսեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությանն առ այն, որ Վճռաբեկ դատարանը հաստատել է «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։
«Դատական ակտը հասանելի է, բոլորը կարող են ծանոթանալ դրան և Վերաքննիչ դատարանի կատարած եզրահանգումներին, բայց դրանք իրավական տեսանկյունից որևէ բան չեն փոխում, որովհետև, կրկնում եմ, Դատախազությունը թող նախկինում իր կողմից կատարված օրենքի խախտումների մասին արտահայտվի, առնվազն՝ ներողություն խնդրի նախագահ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար»,- նշեց փաստաբանը։
ՀՀ գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ ստացել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը, որով, ըստ Դատախազության, հիմնավորվել է իրենց ներկայացրած փաստարկների հիմնավորվածությունը։
Գլխավոր դատախազությունը, միաժամանակ, արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է: