Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանել է մասնակցությունը Խաղերին։

«Ոսկե մեդալի հետեւից էի գնացել։ Լավ մարզավիճակում էի, լավ պատրաստվել էի։ Տոկիոյի մրցագորգում մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կոռումպացված ֆեդերացիա է․ մեդալները չեն նվաճում, մեդալները բաժանում են։ Այս երկիրը մեդալ չունի՝ մեդալ տանք, այն երկիրը ոսկե մեդալ չունի՝ ոսկի տանք։ Մեզնից երկու մեդալ գողացան։ Կարեն Ասլանյանի եւ Կարապետ Չալյանի գոտեմարտերը տեսել եք։

 

 

Ռուսաստանի վերաբերյալ ասածս պետք չէ քաղաքականացնել։ Հունահռոմեական ըմբշամարտում կան Ռուսաստանից մարզիկներ, որոնց միշտ մրցավարները օգնում են։ Այդ դա եմ ես ուզեցել ասել։ Ոչ ոք իրեն թող անհասկացողի տեղ չդնի եւ ուրիշ բան չփնտրեն։

Հաջորդ Խաղերի մասին հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա կհանգստանամ, հետո կորոշեմ, թե ինչ եմ անելու»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

 

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է: