Article image
«Յանդեքս տաքսին» կբարձրացնի՞ գները. Նոր կարգավորումներ

էլեկտրոնային հարթակներում ծառայություն մատուցող ընկերություններին հարկելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նպատակն այն է, որ  Հայաստանի տարածքում ցանկացած ընկերություն անկախ նրանից ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ, պետք է հարկեր վճարի Հայաստանում, քանի որ եկամուտները գեներացնում է Հայաստանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններին, որը թույլ կտա Հարկել էլեկտրոնային հարթակներում ծառայություն մատուցող ընկերությունների, այդ թվում նաեւ այդ հարթակներում տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների եկամուտները:

Քեյանի խոսքով, այս կարգավորումը գործում էր իրավաբանական անձանց մասով, այսուհետ այն կտարածվի նաեւ ֆիզիակական անձանց վրա: Նա նկատեց, որ Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը, որը ծառայություն է մատուցում օնլայն հարթակներում, վճարում է հարկեր, իսկ ոչ ռեզիդենտ հանդիսացող ընկերությունները՝ ոչ. «Այս օրենքով, ըստ էության, արդարությունը վերականգնվում է»:

ՀԿ ղեկավարը չբացառեց, որ այս փոփոխությունների արդյունքում մատուցվող ծառայությունների գինը կարող է բարձրանալ, սակայն հնարավոր է նաեւ, որ մրցակցությունն ուժեղանա եւ ընկերություններն իրենց եկամուտների հաշվին փակեն հարկային պարտավորությունները եւ գները չբարձրացնեն:

 

«Չեմ կարող ասել՝ սա խնդիրներ կառաջացնի, թե ոչ: Հնարավոր է իրենց ծառայության արժեքները բարձրացնեն, դա կախված է նաեւ նրանից, թե  դա որքանով մատչելի կլինի ֆիզիկական անձանց համար: Եթե, օրինակ, «Յանդեքսը» բարձրացնի գները, իսկ ասենք, ֆեյսբուքը, Google-ը չբարձրացնեն, Յանդեքսն էլ իր հերթին փորձելու մրցակցել այդ ընկերութունների հետ: Իսկ եթե բոլորը համատարած բարձրացնեն, ապա համատարած գների բարձրացում տեղի ունենա: Բայց հնարավոր է հաճախորդներ ներգրավելու խնդիր դրվի եւ կամուտների հաշվի կարողանան գործել հին գներով»,-ասաց նա:

Նշենք, որ նախօրեին կառավարության նիստում այս նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ առաջարկվող կարգավորումը ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն է ուղղված, այլ մրցակցային պայմանները հավասարեցնելուն:

 «Սրա արդյունքում, մեր հաշվարկներով ամենաքիչը 20 մլն դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի: Օրինակ, «Յանդեքս տաքսին» այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո առնվազն 1 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ կվճարի եւ կհավասարվի GG տաքսիին: Կամ ասենք, օրինակ եթե մարդը այդ հարթակների միջոցով վարձով տուն է տալիս, ինքը նույնպես ստիպված պետք է մտնի հարկային դաշտ, եւ դա ճիշտ է»,-ասաց նա:

Նշենք, որ հարկային օրենսգրքում այս փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես Google, Facebook եւ այլ նմանատիպ հարթակների միջոցով ծառայություն մատուցող ընկերություններին: