Կերակրողին (ընտանիքի հայր կամ մայր) կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին․18 տարին չլրացած երեխային,
18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,


կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում,
ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում։
Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է նաև մահացած կերակրողի՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) կրթություն ստացող զավակներին (մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրանց 26 տարին լրանալը):

Կերակրողին կորցնելու դեպքում նվազագույն կենսաթոշակի չափը 26,500 դրամ է, իսկ երկու ծնողին կորցրած երեխայի դեպքում՝ 90,000 դրամ։

Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը պետք է ներկայացնի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ ներկայացնելով՝ անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), մահացած կերակրողի աշխատանքային գրքույկ, մահվան վկայական, ամուսնության վկայական։ Ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում 18-ից բարձր անձինք պետք է ներկայացնեն նաև առկա (ցերեկային) ուսուցման վերաբերյալ տեղեկանք։

Իրավաբան.net