Ռուսաստանի եւ ԱՄՆ գիտնականները հայտնաբերել են BLT1 լեյկոտրիենային ռեցեպտորի կառուցվածք, որը մասնակցում է բորբոքային գործընթացներին եւ դեր է խաղում վարակիչ, ալերգիկ եւ ուռուցքային հիվանդությունների առաջացման գործում։ Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությունը ճանապարհ է բացում 2-րդ տեսակի շաքարային դիաբետի բուժման նոր միջոցների ստեղծման համար։
Գիտնականները պարզել են, որ BLT1-ը կապված է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի, գրիպի, արթրիտի, աթերոսկլերոզի, դիաբետի եւ անգամ քաղցկեղի հետ։ Գիտնականները բազմիցս փորձեր են արել օգտագործել ռեցեպտորը որպես թիրախ դեղամիջոցների համար, բայց պոտենցիալ դեղամիջոցները մի շարք անցանկալի կողմնակի ազդեցություններ են ունեցել, դրանց արդյունավետությունը շատ ցածր էր, եւ օրգանիզմից դրանց դուրս գալու համար երկար ժամանակ էր պահանջվում։
Հետազոտության հեղինակները ներկայացրել են մարդկային BLT1 (hBLT1) բյուրեղային կառուցվածք MK-D-046 սելեկտիվ անտագոնիստի հետ միասին, որը մշակվել է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի եւ բորբոքային այլ վիճակների բուժման համար։ Ուսումնասիրելով ռեցեպտորի կառուցվածքի եւ ակտիվության միջեւ կապը միտումնավոր մուտացիաների օգնությամբ մոլեկուլի առանցքային մասերում՝ մասնագետները որոշել են լիգանդների (ոչ մեծ մոլեկուլներ, որոնք BLT1-ի հետ ձեւավորում են բարդ կոմպլեքսներ) հետ տարբեր ենթատեսակների միացման մեխանիզմը։
Գիտնականների խոսքով՝ կառուցվածքն իմանալը օգնում է նույնականացնել բջջի մեմբրանում ծածուկ ռեցեպտորին լիգանդի հասանելիության ուղին, ինչպես նաեւ որոշել ռեցեպտորի հետ միանալու հնարավոր միջոցները։ Դա թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են լիգանդները ճանաչում BLT1-ը, եւ նոր հնարավորություններ է բացում դեղերի մշակման համար։