Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 16-ին:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում փոփոխությունները։

Օրենքի 9-րդ հոդվածում, որով սահմանվում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ուժը կորցրած է ճանաչվում «թ» կետը, որով սահմանվում էր տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները։

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը վերաբերող 15-րդ հոդվածում փոփոխվել է տեխզննության պարբերականությունը, ըստ որի․

<img class="size-full wp-image-13022 aligncenter" src="https://news68daily.com/wp-content/uploads/2021/08/maxresdefault-8.jpg" alt="" width="1280" height="720" />

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` երկու տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.

<img class="size-full wp-image-13024 aligncenter" src="https://news68daily.com/wp-content/uploads/2021/08/tuganq_shabat.am_.jpg" alt="" width="800" height="450" />

5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:

Ուժը կորցրած են ճանաչվել երկու մաս՝ 3-րդը՝ տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունների կատարման պարբերականության մասին և 7-րդը, որի համաձայն կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է ՀՀ կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար։

6-րդ մասում ևս փոփոխություն է կատարվել, ըստ որի․

Տեխնիկական զննության արդյունքում զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքները առցանց եղանակով փոխանցում տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարանին։

 

Նախորդիվ նշվում էր, որ զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ: Այսինքն պարտադիր չի լինի կտրոնի ամրացումը մեքենայի հողմապակուն։

Օրենքի 18-րդ հոդվածում, որով սահմանվում են տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը, փոխվել է «ժա» կետը, ըստ որի՝

տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն կամ տեխնիկական զննության արդյունքում ի հայտ է եկել ՀՀ կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որեւէ մեկը:

Նախորդիվ նշվում էր, որ տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը։