Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար: Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել: Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա: Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա: Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել: Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ: Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս… գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց: Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում… Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար: Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից… Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց. -Ալո… Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի. -Բարև Ձեզ, կասե՞ք ով է խոսում: Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել… Դե իհարկե… ինձ երբեք ոչ-ոք նման «կոմպլիմենտ» դեռ չէր արել