Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից ստացած օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ․ Դ․-ին կարճատև տեսակցության եկած կնոջը՝ քաղաքացի Հ․ Պ․-ին։

Այս մասին տեղեկանում ենք Արդարատադության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Զննության արդյունքում կնոջ սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված 1 բջջային հեռախոս, իսկ սեռական օրգանից՝ պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել փայլաթիթեղով պարուրված, 0․6 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգված և բջջային հեռախոսի լիցքավորման լար։

Փաստի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում դատապարտյալ Գ․ Դ․-ն խոստովանել է կնոջ մոտից հայտնաբերված արգելված իրերի հասցեատերը լինելու հանգամանքը։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։