2021-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ 661 141 աշխատատեղ: Այս մասին, այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «ՀՀ-ում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020-ի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ: Աճը կազմել է 3 տոկոս»:
Համաձայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության` Հայաստանում 2021թ․ հունիսի վերջին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 61.4 հազար գործազուրկ մարդ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նրանց թիվը 2%-ով՝ 1200-ով ավելացել է։
Հայաստանի Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվարին գործազուրկների մեծ մասը կանայք են. նրանց թիվը ընդհանուր գործազուրկների թվի 64,7 %-ն է ( կամ 40.2 հազար մարդ), երիտասարդների թիվը՝ 19.1%-ը (կամ 11.9 հազար մարդ), իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թիվը՝ 3.9% (կամ 2.4 հազար մարդ):
Վերջին տվյալներով՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի համաձայն՝ 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկույթան մակարդակը 17% է. սա ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրներում։
Այսինքն՝ մի կողմից Փաշինյանը հպարտանում է գրանցված աշխատատեղերի ռեկորդներով, մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ առկա է գործազրկության աճ: Իսկ մեկը մյուսի հետ հասկանալի է, որ չի կարող լինել: Հետևաբար, կա՛մ Հայաստանի Զբաղվածության պետական գործակալությունն է մանիպուլյացիայի դիմում, ինչը քիչ հավանական է, կա՛մ կառավարությունը: