Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն սպառնացել է հեռանալ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացավ «պերսոնա նոն գրատա» հայտարարել արեւմտյան 10 դեսպաններին, ովքեր կոչ էին արել ազատ արձակել բանտարկված բարերար Օսման Քավալին, հայտնում է Deutsche Welle-ն։
Չավուշօղլուն, ով գտնվում էր Հարավային Կորեայում, երբ Էրդողանը հայտարարություն արեց անցյալ շաբաթ օրը, հորդորել է նրան հետաձգել որոշումը մինչեւ կառավարության նիստը՝ դեմ առ դեմ զրուցելու համար:
«Եթե դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն, ես ստիպված կլինեմ լքել նախարարությունը»,- ասել է Չավուշօղլուն Էրդողանին։ Նախագահը պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները միջամտել են՝ նախազգուշացնելով երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների վրա որոշման ազդեցության մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի: Նրանք փորձում են փոխզիջում գտնել։
Էրդողանի սպառնալիքը հայտնվեց ամբողջ աշխարհի պարբերականների առաջին էջերին, իսկ թուրքական լիրան նախօրեին ընկավ պատմական նվազագույն մակարդակի: Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ կառավարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ այն հավատարիմ է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին:
Դրանից հետո Էրդողանն ասել է, որ ճգնաժամը լուծվել է։