Ուկրաինայում առաջին անգամ արձանագրվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի «դելտա» շտամմի ամենից վտանգավորը համարվող AY.4.2 մուտացիայով վարակման դեպքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

Հայտարարության համաձայն, վարակման դեպքերը գրանցվել են Տերնոպոլում, Լվովում եւ մայրաքաղաք Կիեւում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծել է, որ երկիրը թեւակոխում է կորոնավիրուսային հիվանդության հերթական պիկային փուլ, ինչով պայմանավորված, համաճարակային իրավիճակը լինելու է չափազանց լարված։