«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ակնա:

«Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ընկերությունների ու ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում գտնվելու փաստը հանգեցնում են նրան, որ մարդիկ լցվում են մայրաքաղաք։ Բացի այդ, երկրի բոլոր տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է բազմաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,- ասել է պատգամավորը haqqin.az-ին տված հարցազրույցում։

Նրա համոզմամբ՝ մայրաքաղաքը տեղափոխելը ծախսատար գործընթաց է։

«Ուստի առաջարկում եմ մայրաքաղաքը տեղափոխել Աղդամ (Ակնա)։ Աղդամ քաղաքը վերակառուցվում է: Որպես «կանաչ քաղաք», այն կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին։ Հնարավոր կլինի ստեղծել 150-200 հազար բնակչություն ունեցող քաղաք: Սա ձեռնտու է թե՛ անվտանգության, թե՛ Ղարաբաղի շուտափույթ բնակեցման տեսակետից։ Աղդամն ունի բարենպաստ կլիմա։ Ղազախստանն արդեն կիրառել է նմանատիպ փորձ՝ մայրաքաղաքն Ալմաթիից տեղափոխելով Նուրսուլթան։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հետևել այս օրինակին»,- ասել է նա։