Այս տարի հոկտեմբեր-նոյեմբերին Վանաձորում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և չնայած առաջադրումներին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ ներքաղաքական աշխուժություն է տիրում Հանրապետության երրորդ քաղաքում: ՔՊ-ն, կարծես թե, վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է առաջադրելու, մինչդեռ արդեն իսկ լուրեր են շրջանառվում հավանական թեկնածուների մասով:
ՔՊ-ն այս ընտրություններում, ամենայն հավանականությամբ, ցանկանում է առաջադրել «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր, ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանի թեկնածությունը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրանը, սակայն, լրագրողներին հայտնում է, որ այս պահին քննարկումները դեռ շարունակվում են, ուստի չի ցանկանում որևէ անուն հնչեցնել:
Անունները հնչում են մամուլում: Համառ լուրեր են շրջանառվում, որ 3 հավանական թեկնածու կա, որոնցից պետք է ընտրություն կատարի։ Առաջինն Արկադի Փելեշյանն է՝ հայտնի Ական, որը Վանաձորի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով։ Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, աչքի է ընկել նաև կիսաքրեական պահվածքով, համենայնդեպս, այդ մասին գրում էր մամուլը: Դեռևս 2017 թվականին «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Մոտ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս:
Երկրորդ թեկնածուն հենց Մանվել Ոփյանն է, ով գործարար է, ինչն էլ իր հերթին պետք է որ հակասեր հեղափոխության հռչակած արժեքներին, սակայն, կարծես թե, ՔՊ-ն առանձնապես այդ արժեքների մասին չի էլ հիշում:
Երրորդ թեկնածուն Լոռու ՔՊ-ական մարզպետն է՝ Արամ Խաչատրյանը, ով նույնպես այս ընթացքում հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում:
Դիցուք՝ մարզպետը չի ցանկանում խոսել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Ակնհայտ է, որ ում էլ ի վերջո ընտրի ՔՊ-ն, իշխանության գլխավոր մրցակիցը լինելու է Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, ընտրություններին կմասնակցի կամ միայնակ, կամ էլ իր կողմից ստեղծվող «Վերածնվող Վանաձոր» կուսակցության հետ: