Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի երեկվա անսպասելի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է ՏԻՄ ընտրություններով: Ավելի կոնկրետ՝ ՔՊ թեկնածուների հարցում կուսակցության հետ ունեցած տարաձայնություններով: Գեւորգյանը որոշել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի օրինակով ՔՊ կուսակցության «վախը բռնել»՝ հույս ունենալով, որ իրեն էլ կհամոզեն հետ վերցնել դիմումը, ինչպես եղավ Թեւոնյանի դիմումի դեպքում: Սակայն, ի տարբերություն Թեւոնյանի, կուսակցությունում նրանից դժգոհությունը մեծ է: Եթե Թեւոնյանին հաջողվել է երբեմնի ՀՀԿ-ական համայնքապետերին «ջան ու ջիգյարով» իր ազդեցության ներքո բերել, ապա Գեւորգյանը՝ ճիշտ հակառակը․ մարզը պառակտել է եւ դեռեւս հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին համայնքապետերի հետ հարաբերությունները վատացրել, քանի որ սպառնալիքներ է տեղացել, փորձել կոտրել ու հնազանդեցնել նրանց:
Արդյունքում այսօր մարզում մարզպետը չունի լիակատար վերահսկողություն, եւ պետք է մեկը, ով այս իրավիճակը կփոխի: Իսկ 90-ականների պատերազմի մասնակից, փոխմարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանն այդ առումով հարմար թեկնածու է, քանի որ մարզում բավականին լավ հեղինակություն ունի: