Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «ԿորոնաՎակի» և «Սինոֆարմի» պահանջարկի մասին:
 

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունը արդեն որպես աջակցություն նվիրաբերել է հայ ժողովրդին պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել և մեծապես օգնել են համավարակի դեմ պայքարին: Իսկ դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութեր՝ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն: Սակայն եթե անհրաժեշտություն լինի՝ չին ժողովուրդը, դեսպանի խոսքով, պատրաստակամ է աջակցելու հայ ժողովրդին ցանկացած հարցում:
 

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որի արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով», - ասել է Չինաստանի դեսպանը:
 

Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մայիսի սկզբին Չինաստանից Հայաստան էր ներկրվել COVID-19-ի դեմ «ԿորոնաՎակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: