Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) օգտագործումը լուրջ անհանգստություն է առաջացնում՝ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):
 

Խոսքը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։ Այնուհետև ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) իշխանությունները հայտարարեցին, որ այս արարքը խախտում է շփման գծով ռազմական ինքնաթիռների և օտարերկրյա անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելելու մասին Մինսկի հուշագրի կետը։

 

«Մենք անհանգստացած ենք արևելքում ռազմական գործողությունների աճով, ինչպես նաև «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառման մասին ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հայտարարությամբ»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
 

Նա հավելել է, որ Մինսկի պայմանավորվածությունների խախտումը հետագայում կհանգեցնի լարվածության էլ ավելի մեծ սրման։