Tert.am-ը զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ, ով նշել է, թե ինչ գործոններ են կարևոր ընտանիք կազմելու համար:
«Ի՞նչ գործոններ են կարևոր ընտանիք կազմելու համար
Ֆիզիկական գործոն - այն ունի ինտուիտիվ բնույթ, մարդը առաջացնում է սիմպատիա կամ անտիպատիա: Սա անձնային ռեակցիա է, որը որոշվում է արտաքին պատկերով՝ դեմքը, ձայնի տեմբրը, տվյալ մարդուն բնորոշ հոտը, միմիկան, խոսքը և վարքը: Շփումների առաջին իսկ փուլում ձևավորվելով՝ այս գործոնը դրսևորում է բացառիկ կայունություն և պահպանում է իր դրական կամ բացասական երանգը ամբողջ կյանքի ընթացքում:
Նյութական գործոն - որոշվում է ընտանիքի ընդհանուր նյութական կարգավիճակում յուրաքանչյուրի ներդրման փոխհարաբերությամբ և նաև թե ինչպիսին են նրանց նյութական իմաստով միմյանցից սպասումները և պահանջները:
Մշակութային գործոն - որոշվում է ամուսինների ինտելեկտուալ-մշակութային պահանջների համընկմամբ: Այս գործոնի դրսևորումը կարող է փոփոխվել կյանքի ընթացքում:
Սեքսուալ գործոն - որոշվում է, թե ինչպիսի սպասումներ ունեն ամուսինները ինտիմ կյանքից, և իրականում դա համընկնու՞մ է միմյանց պահանջներին: Այդ գործոն կարող է փոփոխվել՝ կախված տարիքից և սեռական առողջության վիճակից:
Հոգեբանական գործոն - այդ գործոնն է ապահովում մարդու վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորության և սեռային դերի ամբողջականությունը:
Ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներից հիասթափություն, մինչև ռեալ իրականության մեջ ամուսնու կամ կնոջ ընդունում՝ իր արժանիքներով և թերություններով:
Այսինքն ամուր ընտանիքի ձևավորումը շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուրը պետք է զգա իր մասնակցության կարևորությունը»: