Հրապարակ թերթը գրում է.
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սկսել է նախարարությունը համալրել Գեղարքունիքի մարզի իր ծանոթ-ընկեր-բարեկամներով։
Տարատեսակ վարչության, բաժնի պետերից զատ՝ նաեւ փոխնախարար է նշանակել իր «զեմլյակներից» Նարեկ Մանուկյանին։
Նախարարությունից ասացին՝ Մանուկյանը կուրացիա է անելու սուբվենցիոն ծրագրերի, մարզերի՝ հրատապ լուծումներ պահանջող ծրագրերի, պետգույքի, համայնքային ծառայության ոլորտները։
Փոխարենը մինչ օրս թափուր է ընդերքի ոլորտը ղեկավարող փոխնախարարի հաստիքը, որը մինչեւ Սանոսյանի գալը զբաղեցնում էր Լիլիա Շուշանյանը։
Սա ամենաբարդ ոլորտներից է, որը համակարգող տեղակալ չեն գտնում, այն ժամանակավորապես «յոլա է տանում» ճանապարհների ոլորտը համակարգող Քրիստինե Ղալեչյանը։
Ի դեպ, նախարարությունից ասում են, որ չափազանց ծանրաբեռնված են աշխատում, ու հատկապես իրավաբանական վարչությունը չի հասցնում բոլոր ոլորտների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ տալ, նախագծերն ուսումնասիրել։
Ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, մատների արանքով, հաճախ փոխնախարարներն իրենք են իրավաբանականի գործն անում կամ թողնում են արդարադատության նախարարության հույսին, քանի որ մի վարչությունը չի կարող սպասարկել այս մոնստր նախարարության բոլոր ենթակառուցվածքները։
Պարզ ասած՝ իրավաբանական վարչության իրավաբանները չեն կարողանում խորապես ուսումնասիրել եւ տիրապետել ե՛ւ ընդերքի, ե՛ւ համայնքային, ե՛ւ քաղավիացիայի, ե՛ւ պետգույքի, ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ նախարարության կազմում ընդգրկված մյուս ոլորտների օրենսդրությանը։
Ու թեեւ գրեթե բոլոր գերատեսչություններում է այս իրավիճակը` գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ ամենուր կա կադրերի կրիզիս, եւ անարդյունավետ կառավարման խնդիրը լրջորեն ծառացած է բոլոր համակարգերում, բայց, ասում են` տարածքային կառավարման նախարարության վիճակն այս իմաստով առավել ծանր է։