Հայկական շուկա է մուտք գործում նոր ավիաընկերություն. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, Flyone Armenia-ն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները:

Ավիաընկերությունից հայտնում են, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ:

«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք Flyone Armenia -ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:

Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:

Ընկերությունն այս պահի դրությամբ ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում։

Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով. պագայում կաճի և՛ աշխատակիցների, և՛ ինքնաթիռների թիվը։

Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Airbus A320 ինքնաթիռներով։

Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: