Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ առաջիկայում Մոսկվայում պաշտոնական հանդիպում նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է առհասարակ հանդիպումներին, ապա դրանք պետք է լինեն, քանի որ մենք սահմանազատման, սահմանագծման, սահմանների հետ կապված հարցեր ունենք:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան ճանապարհ է ստանալու:

Վստահեցնո՞ւմ եք, որ այդ ճանապարհի հսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. այս հարցին Մելքոնյանը հստակ պատասխան չի տալիս: Երբ ճանապարհը կլինի, ասում է, նոր կքննարկվի՝ ով է լինելու վերահսկողը:

Ստացվում է՝ ՔՊ-ական պատգամավորը կասկածի տակ է առնում Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղարի այն բոլոր հավաստիացումները, որ միջանցք/ճանապարհ տրամադրելու դեպքում այդ միջանցքը/ ճանապարհը անցնելու է ՀՀ սուվերեն տարածքով, հետևաբար լինելու է ՀՀ վերահսկողության տակ:

Մելքոնյանը փաստացի այլ կարծիք ունի, նա հայտարարում է, որ այս հարցի վերաբերյալ իշխանությունները վերջնական որոշում չունեն, և բարձր մակարդակով պնդումներն ընդամենը հանրությանը մանիպուլացնելու և ժամանակ ձգելու նպատակ են հետապնդում: