ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից 8-ի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի նույն թաղամասի բնակիչներ են, ընկերներ:

 

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը:

 

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչը միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել, իսկ երբ ապրանքի դիմաց վճարելու պահանջ է ներկայացվել, վերջիններս, գումարը տալու նպատակով, պայմանավորվել են հանդիպել, որը տեղի է ունեցել 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի բակում, Հրազդան քաղաքի բնակչի՝ նույն հասցեում բնակվող 28-ամյա ընկերոջ ներկայությամբ:

 

Երիտասարդները, հանդիպման ժամանակ համաձայնության չգալով խնդրո առարկա գումարի շուրջ, հեռացել են՝ հետագայում փորձելով խնդիրը պարզել հեռախոսային խոսակցությունների ընթացքում, ինչը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Սակայն կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 16:55-ին, 28-ամյա երիտասարդի և Հրազդանի բնակչի համար անսպասելի, մոտոցիկլը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, նախապես զինվելով ապօրինի կերպով ձեռք բերված տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, առկա տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներն ուժի, զենքի ցուցադրման ազդեցությամբ և զենքի գործադրմամբ լուծելու, անհրաժեշտության դեպքում՝ 28-ամյա երիտասարդին ընդհուպ կյանքից զրկելու վճռականությամբ, ավտոմեքենաներով վերադարձել են նույն վայր, դրանք կայանել բակի ելքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դեպքից հետո ապահովել իրենց անվտանգ ու արագ հեռացումը և արգելել այլ տրանսպորտային միջոցների մուտքը շենքի բակ՝ դրանով իսկ ապահովելով իրենց գործողությունների անխափան ընթացքը:

 

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և 28-ամյա երիտասարդը, կանխազգալով կյանքի և առողջության համար սպառնացող վտանգը, իրեն պատկանող բնակարանից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող ատրճանակն ու ներկաներից պահանջել հեռանալ: Վերջիններս, անտեսելով իրենց ներկայացված պահանջը, 28-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով իրենց գործողությունների արդյունքում բակում աշխատանքներ կատարող և գտնվող անձանց, հարակից շենքերի բնակիչների կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքը, խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով, 28-ամյա երիտասարդին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գրեթե միաժամանակ կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

 

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ միջադեպի մասնակիցներից երկուսը, հիշյալ սպանության կատարման համար գտնվելով հետախուզման մեջ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել տարբեր տրամաչափի և տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիրներ, «ПМ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամամթերք հանդիսացող փամփուշտներով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ կատարված խուզարկությունների արդյունքում:

 

Ավելի վաղ զինված միջադեպի 6 մասնակիցներ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ էին ներգրավվել և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննության մարմին:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 4-ին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով:

 

Քրեական գործով 7 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նրանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հետախուզվողի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: