Հասարակությունը, քաղաքական ուժերն ապրում են նոյեմբերի 9-ին ստորագրվելիք նոր փաստաթղթերի տագնապով: Մարդիկ չգիտեն, թե ինչ է զիջվելու, ինչն ինչի հետ է փոխանակվելու, եւ վերջնարդյունքում ինչ ենք ունենալու։ Գործընթացներ, որոնց մասին ամենայն մանրամասնություններով արտահոսքեր են եղել, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահ Պուտինը (պաշտոնական լեզվով՝ դեմարկացիա-դելիմիտացիա), սակայն հայկական կողմից հիմնականում լռություն է, ու նաեւ տեսակետներ են հնչում, որ ոչինչ էլ չի ստորագրվելու։

Հրաժարվելո՞ւ է ստորագրելուց՝ այն պարագայում, երբ ընդդիմության մի թեւի եւ քաղաքագիտական շրջանակների համոզմամբ՝ ՌԴ-ն Փաշինյանին պահում է, որպեսզի նա ի կատար ածի նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին ստանձնած պարտավորությունները։ Այս առումով ուշագրավ է մեր ստացած տեղեկությունը, որը վերջերս պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մեկնած հայ պաշտոնյաներից մեկն է պատմել.  ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առանց սեթեւեթանքի խոստովանել է. «Мы молились, чтобы его переизбрали»: Եվ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է եղել:
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ։

- Պարոն Տարասով, Ռուսաստանում նոյեմբերին ՌԴ միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպման՝ բանակցությունների եւ ստորագրվելիք կամ չստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ ի՞նչ սպասումներ կան ձեզ մոտ։

- Մեր վերլուծաբանների համար սա մութ պատմություն է։ Սկզբունքորեն, տեսականորեն՝ հասունացած է ՌԴ միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, քանի որ խնդիրների կույտ կա, որոնք լուծման կարոտ են։ Երկու երկրների փոխվարչապետերը, հիշեցնեմ, արդեն ամիսներ շարունակ աշխատում են։ Հիմա էլ սկսել են խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Օվերչուկը սեպտեմբերին Երեւանում էր եւ ասաց, որ ոչ մի Զանգեզուրի միջանցք չի լինելու, քանի որ դրա մասին խոսք չկա։ Գնում է ապատեղեկատվություն, եւ ամեն ինչ փակ է ու թաքցվում է։ Արցախյան կարգավորման բոլոր բանակցությունները գաղտնի են, կոմունիկացիոն նախագծերին վերաբերող նախագծերը՝ նույնպես։ Հիմա՝ քարտեզների մասին․ կարդացի, որ ԽՍՀՄ քարտեզները կարող են ամբողջությամբ չհամապատասխանել իրականությանը, քանի որ մուսավաթականները մի քարտեզ են ունեցել, դաշնակները՝ մեկ այլ, եւ պետք է պայմանավորվեն, որ լինելու է ԽՍՀՄ քարտեզներով։ Բայց դրա համար բանակցություններ են պետք։ Բանակցություններ` որպես բարի կամքի նշան․․․

- Արդեն խոսք կա այն մասին, որ դեմարկացիայի հիմքում 75 թվի քարտեզն է դրվելու։

 

 

- Դե, դա ռուսական կողմն է ասում, բայց նման հարցերը պետք է համատեղ լուծել։ Հիմա ես կարդում եմ, որ Փաշինյանն ասում է, որ առանց ՌԴ-ի հնարավոր չէ: Այսինքն, նորից եմ ասում՝ պետք է լինի միջանկյալ ինչ-որ մի որոշում՝ ինչ-որ մի լուրջ փաստաթուղթ ստորագրելուց առաջ։ Կա՞ նման փաստաթուղթ` ոչ ոք չգիտի։ Եթե հանդիպումը կայանա, ինչի՞ մասին են խոսելու։ Ինտրիգային է՝ այս պայմաններում։

- Այսինքն՝ Դուք էլ կասկածում։

- Ես չեմ կասկածում այդ հանդիպման անհրաժեշտության հարցում։ Ես կասկածում եմ, որ այն կարող է հիմա կայանալ եւ այս պայմաններում, տեղեկատվական այս իրավիճակում։

- Ասում եք՝ թաքցնում են։ Ովքե՞ր։

- Բոլորը` ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը։

- Իսկ հնարավո՞ր է, որ ՌԴ-ն թաքցնում է, քանի որ իրեն էլ հայտնի չէ՝ կստորագրի՞, թե՞ ոչ։

- Ի՞նչ կապ ունի Փաշինյանը։ ՌԴ-ն Պուտինի բերանով ասաց, որ դեմարկացիան կարելի է անել ԽՍՀՄ քարտեզների հիման վրա։ Հիմա՝ հարց․ Երեւանը եւ Բաքուն համաձա՞յն են այդ քարտեզներն ընդունել որպես դեմարկացիայի հիմք։ Եվ քանի որ քարտեզների մասին աբստրակտ խոսել չի կարելի, պետք է նախնական քննարկում։ Եվ, ըստ տրամաբանության, դրանք պետք է լինեն Երեւանում եւ Բաքվում։ Բաքուն ասում է, որ ունի կրկնօրինակները, Երեւանը լռում է․․.

- ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ասաց, որ կա այդ քարտեզի կրկնօրինակը։

- Այո, ամեն ինչ ճիշտ է, եւ այս դեպքում կողմերը պետք է ասեն, որ քարտեզները, որոնք իրենց մոտ կան, կարող են հիմք հանդիսանալ դեմարկացիայի շուրջ բանակցությունների մեկնարկի համար։ Վերջ, ամեն ինչ դառնում է պարզ եւ հստակ։

- Կրկնեմ հարցս` ի՞նչ կապ ունի Փաշինյանը, եւ մեջբերեմ Մատվիենկոյի խոսքերը, որ մենք աղոթում էինք, որ Փաշինյանը վերընտրվեր։ Ինչո՞ւ` որ ի կատա՞ր ածի պայմանավորվածությունները։

- Ես, անկեղծ ասած, որ նման բան Մատվիենկոն ասած լինի, առաջին անգամ եմ լսում։ Եվ հետո՝ Մոսկվան ի՞նչ կապ ունի։ Միակ մարդը, ում ձեռնտու է Փաշինյանի՝ իշխանության մնալը, Ալիեւն է։

- Ինչո՞ւ։

 

- Որովհետեւ Ալիեւը հաղթեց, նա Փաշինյանից վերցրեց այն ամենը, ինչը նրան բաժին էր հասել նրա իրավանախորդներից՝ Սարգսյանից ու Քոչարյանից՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, որ հայկական վերահսկողության տակ էր։

- Նաեւ Շուշի ու Հադրութ։

- Այո, հիմա Սերժ Ազատիչը վա՞տն է, թե՞ լավը կամ նրա իրավահաջորդը: Նրան ցնցող աշխարհաքաղաքական ժառանգություն էին թողել, որը նա պարզապես ք․․․եց։ Հա, Ալիեւին նա պետք է, քանի որ եթե հունիսի 20-ի ընտրություններում հաղթեր Քոչարյանը, ապա վերջինս․․․ հայտնի է իր ռեւանշիստական «զամաշկաներով»։ Հա, եթե լիներ Քոչարյանը, անպայման պատերազմ կլիներ, բայց հայերն իրենց լրիվ այլ կերպ կպահեին։ Երկրորդ․ Մոսկվա-Փաշինյան հարաբերություններ՝ սա շատ լուրջ հավասարում է։ Ինձ չի թվում, որ Փաշինյանն անում է այն, ինչ ուզում է Մոսկվան, այլ, ըստ իս, լրիվ հակառակը։ Եթե լսեր Մոսկվային, այդքան սխալներ չէր անի, որոնք բերեցին այդ պատերազմին։ Նրանք՝ Փաշինյանն ու թիմը, իրենց շատ-շատ տարօրինակ էին պահում, շատ երկիմաստ, շատ անոմալ։ Եվ կարող եմ կրկնել, որ այդ պատերազմի, Արցախի հիմնախնդիրները հնարավոր էր լուծել միանգամայն այլ սցենարներով։

- Իսկ կարծում եք, որ եթե 2-րդ եւ 3-րդ նախագահների թիմերը հաղթեին, նրանք չեղարկելո՞ւ էին նոյեմբերի 9-ի եւ մյուս պայմանավորվածությունները։

- Ես միայն մի բանում եմ վստահ․ եթե իշխանության գար Քոչարյանը, իրավիճակը Հայաստանում այլ կլիներ։ Բանակցությունների համար, իհարկե, փաստ է, որ բարենպաստ չէր լինի։ Անկայունություն, որում առաջին հերթին շահագրգռված չէ Բաքուն, որը վախենում է երկրորդ պատերազմի հեռանկարից։ Ինչո՞ւ, որովհետեւ արդեն այնտեղ ռուսների հետ կբախվեն։ Նրանք ռուսների վրա՞ են գնալու։ Այլապես մենք էլ Բաքվի վրա կգնանք։ Բայց Մոսկվային պետք է կայունություն, Մոսկվան ուզում է ամրապնդել ստատուս քվոն։