Շենգավիթ համայնքում գտնվող մի հաստատության տնօրենը պատմեց, որ գիշերը գողություն են կատարել իրենց տարածքից: Ջարդել են կողպեքը, ավիրել ողջ տարածքը: Իրենց հաշվարկով` մոտ 3 ժամ մնացել են ներսում, ապա նոր գնված երկու թանկ սարք են տարել` յուրաքանչյուրը 10 հազարական դոլար արժեքով: Երբ առավոտյան հայտնաբերել են գողության փաստը, մազ է մնացել, որ կաթված ստանա, որովհետեւ սարքերը դժվար ձեռքբերվող եւ թանկ են` նման սարքեր ձեռք բերելու համար առնվազն մեկ տարի պետք է օրուգիշեր աշխատեն, որ վերականգնեն:
 
Բնականաբար, անմիջապես ոստիկանություն են հրավիրել: Ցավոք, կոնկրետ իրենց տարածքում տեսախցիկը դեռ տեղադրված չի եղել, որ գողերին տեսնեին, սակայն իրենք ոստիկաններին հավասար հետաքննություն են իրականացրել, բոլորին խառնել իրար, լիքը ծանոթների դիմել, որ անպայման գողոնը հայտնաբերվի, եւ գողությունը բացահայտվի:
 

Ոստիկանությունից ժամանածները, ապա քննիչը հանդիսավոր խոստացել են, թե ամեն ինչ կանեն, որ գործը բացահայտվի: Ի վերջո, բազմաբնակարան շենքի առաջին հարկից է գողությունը կատարվել, եւ տեսնող-լսողներ անպայման կլինեին: Սարքերը ծանր են ու գաբարիտային, ուստի ոչ թե մարդատար, այլ ավելի մեծ մեքենայով են տարել եւ մի քանի հոգով: Ինչը եւս մեծացնում է բացահայտման հավանականությունը: 

 

Եվ եթե անգամ կոնկրետ այդ հատվածում տեսախցիկ չկա, ապա կողքի շենքերի վրա, ճանապարհի մուտք-ելքի հատվածում հաստատ կլինեն, եւ որովհետեւ անգամ գողության մոտավոր ժամն է հայտնի, բարդ չի լինի ֆիքսել, թե ինչ մեքենայով է տարվել գողոնը: Մի խոսքով` Ագաթա Քրիստիի բարդ հանցագործությունը չէ, որ բացահայտումը մեծ խելք եւ Պուարոյի հմտություններ պահանջի, շարքային քննիչն ու մի քիչ փորձ ունեցող օպերատիվ աշխատողներն էլ կարող են բացահայտել: Մանավանդ` սարքերը սպեցիֆիկ են եւ անգամ շուկայում վաճառքի հետքով կարող են հայտնաբերվել:

 

Սակայն օրերն անցնում են, իսկ գողությունը չի բացահայտվում: Հիմնարկի տնօրենն արդեն հուսահատվել է եւ չի կարծում, թե իրավապահ մարմինները կարող են այն բացահայտել: Նա վրդովված ասում է` եթե նման պարզ հանցագործությունն էլ չի բացահայտվում, բա մեր իրավապահներն ինչո՞վ են զբաղված` քաղաքական գործիչներին բռնել-դատելո՞վ, միտինգների մասնակիցներին բերմա՞ն ենթարկելով:

Ու քանի որ համոզված է, որ ինչքան դեպքը հնանում է, այնքան բարդանում է դրա հայտնաբերումը, ուստի ինքը փորձում է բացահայտել սեփական ուժերով կամ ընկերների միջոցով: Ընկերներից մեկը, որը Շենգավիթի հին բնակիչ է, լուծում է առաջարկում` դիմել թաղի լավ տղերքին, որոնք գիտեն, թե ով ինչով է շնչում, նաեւ գողերին գիտեն ու կկարողանան գտնել գողոնը: Գոնե ապրանքը հետ կբերի, գողին դատելու խնդիրը՝ դեռ ոչինչ: Մի խոսքով, համատեղ ուժերով գտնում են թաղի հեղինակություններին եւ բացատրում խնդիրը: Մարդն ուշադիր լսում է առաջադրանքը եւ ասում` եթե մի երկու տարի առաջ լիներ, օրերի հարց էր` կհայտնաբերեի ու ականջը պոկելով՝ հետ կստանայի, բայց հիմա չեմ կարող անել, որովհետեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքար են սկսել եւ ինձ էլ կբռնեն ու կդատեն: Պարզվում է, որ գողությունը բացահայտել չկարողացող քննիչ-օպերատիվնիկներն առավել ուշադիր զբաղվում են թաղային հեղինակություններով, որ եթե սրանք որեւէ մեկից ինչ-որ բան «ստանան» կամ գողություններ բացահայտեն, կամ «արդարություն հաստատեն» իրենց թաղերում, բռնեն-նստեցնեն: Ինչո՞ւ են քննիչներն այդքան շահագրգռված, որ թաղի «լավ» տղերքին «փուռը տան»: Դա էլ իր բացատրությունն ունի․ որովհետեւ ամեն մի նման գործից հետո քննիչ, հետաքննիչ, օպերատիվնիկ, դատախազ եւ այլն` բոլորի կոչումը, աշխատավարձն ու պաշտոնն են բարձրացնում, եւ պարզվում է, որ գողությունների դեմ պայքարն այդքան ձեռնտու չէ, որքան գողականների դեմ պայքարը:

 

Հիմա մի պարզ հետեւություն, որը բխում է այս պատմությունից. այս իշխանությունը գուցե ուզում էր լավ բան անել` պայքարել գողականների ու հեղինակությունների դեմ, բայց ստացվեց գործող համակարգը` «գողականների» կողմից հանցագործությունների բացահայտման, մարդկանց կորցրածը հետ ստանալու, իրենց նեղացնողներին պատժելու այդ մի փոքրիկ հնարավորությունը ոչնչացրեց` տեղը ոչինչ չստեղծելով:

Եթե իշխանությունը պատերազմ է հայտարարում գողականներին` փորձելով նրանց հեռացնել իրավապահ համակարգի գործառույթներն իրականացնելու պրոցեսից, ուրեմն պետք է ոստիկանությունը փոխարինի դրանց եւ ինքն իրականացնի հանրային շահերի պաշտպանի գործը: Թե չէ ստացվեց` «գործող» համակարգը վերացրին, իսկ իրական համակարգերն ու պետական կառույցները չեն աշխատում:


Աղբյուրը՝  ՀՐԱՊԱՐԱԿ