Երեկ Գյումրիում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից նախօրեին ռուս զինվորական է ինքնակամ դուրս եկել քաղաք։ Առկա տեղեկությունների համաձայն, ռուսական զինվորական պարեկային ծառայության մեքենաները բավական ակտիվ երթեւեկության մեջ են եղել Գյումրիի տարբեր հատվածներում եւ իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Սովորաբար նման դեպքերում որոնողական աշխատանքներին միանում է նաեւ ՀՀ Ոստիկանությունը։
Երեկ մենք անդրադարձանք նաև, որ քաղաքում ճանապարհային ոստիկանության ուժեղացված հսկողություն էր, իսկ ոստիկանները որևէ բացատրությամբ հանդես չէին գալիս, կանգնեցնում էին մարդատար ավտոմեքենաները, ստուգում սրահն ու բեռնախցիկը։ Դեռեւս հայտնի չէ, թե ինքնակամ ծառայության վայրը լքած («սամավոլկա» դուրս եկած) զինվորը հայտնաբերվել է, թե ոչ։
Մեր տեղեկություններով ամբողջ գիշեր նրան են որոնել։
Ռուսական ռազմաբազայից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ ոստիկանությունից նշեցին, թե նման ինֆորմացիա չունեն, գուցե ռազմական ոստիկանություն դիմենք ։ Ըստ ոստիկանության՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված հսկողություն այս օրերին իրականացվում է Հանրապետության խոշոր քաղաքներում ։
Նշենք նաև, որ գյումրեցիների համար ռուսական զորակայանի զինվորականների «սամավոլկա» դուրս գալը քաղաք, կարելի է ասել, սովորական բան է, եւ սրանով նաեւ կարելի է բացատրել գյումրեցիների՝ հերթական այս դեպքի հանդեպ ունեցած գրեթե անտարբեր վերաբերմունքը։
Աղբյուրը՝ ՀՐԱՊԱՐԱԿ