1982թ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը վերադարձել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:
«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ՝ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը: Ձեր ցուցաբերած աջակցությունը տարիների ընթացքում մշտապես քաջալերել է ինձ և դրական ներդրում ունեցել իմ դժվարագույն օրերում»,- գրել է Համբիկ Սասունյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք այս ընթացքւոմ իրեն նամակներ են հղել, այցելել և պահել են իրենց սրտում:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում էր ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: