Ոտքերի այտուցները կարող են բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ առաջացնելով խիստ տհաճ զգացողություններ, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրների դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել ու ազատվել այտուցներից։ Ընդ որում՝ այս խնդիրն առավել հաճախակի բնույթ է ստանում ամռանը, քանի որ շոգ եղանակը ևս նպաստում է այտուցների առաջացմանը։
Այս տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ որպես կանոն միզամուղ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանք իրենց քիմիական բաղադրության պատճառով հաճախ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով հիվանդի վիճակը։ Բարեբախտաբար այս դեղերից բացի գոյություն ունեն նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու անվտանգ, քանի որ բաղկացած են լինում բացառապես բնական բաղադրիչներից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ոտքերի այտուցներից ու դրանց հետևանքով առաջացող տհաճ զգացողություններից։
- Խառնել հավասար քանակությամբ անանուխը, կեչու տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 100 գրամին ավելացնել 1 լիտր եռման ջուր և մեկ ժամ թրմել։ Ոտքերն ընկղմել ստացված թուրմի մեջ և պահել 15-20 րոպե։
- 2 հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված խյուսը քսել այտուցված ոտքերին, ամրացնել կոմպրեսը որևէ կտորով կամ պոլիէթիլենային թաղանթով և թողնել 10-15 րոպե։
- Խառնել հավասար քանակությամբ մանրացրած տերեփուկի ծաղիկները, մարուղենու տերևներն ու մատուտակի արմատը, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և 15 րոպե թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ:
- 1:1 հարաբերակցությամբ խառնել մանրացրած կեչու տերևներն ու ձիաձետի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, 5 րոպե եռացնել, որից հետո թրմել ևս 1 ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 4 անգամ ¼ բաժակ:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում այտուցները պայմանավորված են լինում առողջական բավական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru