Meta ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես Facebook, հայտարարել է լրացված իրականության Project Nazare նոր ակնոցի ստեղծման մասին, որն ուղղված կլինի սովորական սպառողներին, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով 91Mobiles-ին։

 

Սարքն օգտագործողներին կառաջարկի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ընկերների հետ շփումը եւ ընդլայնված իրականության մեջ բազմակի օգտագործման խաղեր խաղալը։

 

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոր սարքը կդառնա ընդլայնված իրականության առաջին ամբողջական ակնոցը, սակայն խոստովանել է, որ այն միայն մշակման փուլում է։ Ավելի ճիշտ, Meta-ն, մեծ հաշվով, ունի միայն գաղափար եւ տեխնիկական բազա։ Ընկերությունը նույնիսկ չի որոշել ակնոցի վերջնական դիզայնը։

 

Ցուկերբերգն ասել է. «Ճիշտ ձեւանմուշ ստանալու եւ պահանջված գործառույթներն ապահովելու համար պետք է տեխնիկական մեծ աշխատանք կատարել: Մենք պետք է տեղավորենք հոլոգրաֆիկ էկրաններ, պրոյեկտորներ, մարտկոցներ, անլար ադապտրներ, չիպեր, տեսախցիկներ, բարձրախոսներ, հաղորդիչներ, որոնք թույլ կտան մեզ մշակել օգտատիրոջը շրջապատող աշխարհը եւ շատ ավելին՝ մոտ 5 մմ հաստությամբ ակնոցի մեջ: Այսինքն՝ մենք դեռ աշխատում ենք Nazare-ի վրա, բայց արդեն հասել ենք լուրջ հաջողությունների»։ Meta-ի բլոգում ասվում է, որ Project Nazare նախագծի գործարկմանը դեռ մի քանի տարի կա։

 

Անցյալ ամիս Facebook-ը Ray-Ban-ի հետ թողարկել է Ray-Ban Stories կոչվող ակնոցը: Հարկ է նշել, որ սա բավական պարզ սարք է, որը համալրված է երկու 5 մեգապիքսել տեսախցիկով եւ միկրոֆոնով՝ լուսանկարելու եւ տեսագրելու համար։