Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Բելգրադում անցկացվոող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի ավագը 63.5 կգ քաշայինների 1/8-րդ եզրափակիչում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
Առաջին ռաունդը Հովհաննես Բաչկովի համար լարված ստացվեց: Մրցակիցը պարբերաբար ձեռքերով փակում էր Բաչկովի գրոհներն, ինչին ռինգի մրցավարը չէր արձագանքում: Լարված պայքարում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հայաստանի ներկայացուցիչին:
Երկրորդ ռաունդում Բաչկովն ավելացրեց ճնշումը եւ հարվաշածարերով մրցակցին հակագրոհի հնարավորություն չէր տալիս: Երկրորդ ռաունդի վերջնամասում Հովհաննես Բաչկովը նոկդաունի ենթարկեց Մալանգային: Այս ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Հովհաննես Բաչկովին:
Երրորդ ռաունդում իտալացի բռնցքամարտիկը գրեթե միայն պաշտպանվում էր եւ հնարավորինս խուսափում Բաչկովի հետ մերձամարտի գնալուց:
28-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: